Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ապագա բժիշկ (1265-66) 8-9.2012 Մայիս

Իմ տեսած Պոտսդամը

Իմ տեսած Պոտսդամը

Յոհաննես Լեփսիումը հայերի մասին։ «Եթե մի ռասա իր բնական հատկանիշերով կոչված է դառնալու բարձր մշակույթի կրող, ապա դա հայկականն է»: «Ես ճանաչում եմ միայն մեկ գերմանացու, որն ինձ համար ընդունելի է. դա Յոհաննես Լեփսիուսն է»: Հենրի Մորգենթաու ԱՄՆ պետական գործիչ

 

Պոտսդամն ինձ համար առաջին հերթին կարևոր էր, որպես հայ ժողովրդի մեծագույն բարեկամներից մեկի` Յոհաննես Լեփսիուսի ծննդավայր: 

 

Մարդ, ով ոչ միայն իր ձայնը բարձրացրեց թուրքական վայրագությունների առիթով, այլև 1921-ին Բեռլինում Սողոմոն Թեհլերյանի դատավարության ժամանակ հանդես եկավ որպես վկա և մերկացրեց երիտթուրք ոճրագործ Թալեաթին:

 

Պոտսդամն ինձ համար կարևոր էր նաև նրանով, որ հնարավորություն ունեցա լինել Ցեցիլիենհոֆ պալատում, ուր 1945 թվականին կայացած պոտսդամյան կոնֆերանսի շրջանակներում կայացել է քննարկում` Կարսի և Արդահանի վերադարձման մասին:

 

 ...Պոտսդամի խորհրդաժողովի աշխատանքները սկսելուց մեկ օր առաջ հանդիպում են ԽՍՀՄ-ի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները` Մոլոտովը և Իդենը: Դաշնակից տերությունների ղեկավարների հանդիպման նախօրյակին տեղի էին ունենում այդ երկրների ներկայացուցիչների հանդիպումներ, որոնց ընթացքում լուծվում էին «ոչ շատ էական» հարցեր: Նման հարցերից էր հայկական տարածքների հարցը: Մոլոտովը նշում է, որ 1921թ. թուրքերն օգտվեցին Խորհրդային պետության թուլությունից և նրանից խլեցին Խորհրդային Հայաստանի մի մասը, և հայերն իրենց վիրավորված են զգում: Այդ պատճառով Խորհրդային կառավարությունը պահանջում է օրինականորեն իրեն պատկանող տարածքները վերադարձնել:

 

Իդենը շատ լավ պատկերացնում էր խնդիրը, մանավանդ, որ թուրքական դիվանագետները Լոնդոնում բանակցել էին նրա հետ: Նա հայտնեց, որ թուրքերը համաձայն չեն բավարարելու Խորհրդային Միության տարածքային պահանջները: Ելնելով իրենց աշխարհաքաղաքական շահերից` Արևմտյան տերությունները պաշտպանության տակ առան Թուրքիային, քանի որ հայկական տարածքների հարցը պատրվակ էր դաշնակիցներից որոշ զիջումներ կորզելու համար: Ուստի խորհրդային պատվիրակությունը չպնդեց, որպեսզի այն քննարկման առարկա դառնա:

 

 

Այդ առնչությամբ հետաքրքիր է նաև Պոտսդամի խորհրդաժողովին նվիրված Չերչիլի հուշերի այն հատվածը, որը վերաբերում է այդ հարցին. «...Նույն երեկո` հուլիսի 18-ին, ճաշում էի Ստալինի հետ: Ես շոշափեցի Թուրքիայի և Դարդանելի հարցերը: Բնականաբար, նշեցի, որ թուրքերն անհանգստացած են: Ստալինը բացատրեց, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Թուրքերը ռուսներին առաջարկել են կնքել միություն ստեղծելու պայմանագիր: Ռուսները ի պատասխան` հայտարարել են, որ պայմանագիր կարելի է կնքել միայն այն դեպքում, եթե կողմերից որևէ մեկը ոչ մի պահանջատիրություն չունի մյուսի նկատմամբ, իսկ Ռուսաստանն ուզում է ստանալ Կարսը և Արդահանը, որոնք նրանից խլել էին նախորդ պատերազմի վերջում: Թուրքերը պատասխանել են, որ չեն կարող քննարկել այդ հարցը: Այդ ժամանակ Ռուսաստանը բարձրացրել է Մոնթրեոյի համաձայնագրի հարցը: Թուրքերը պատասխանել են, որ չեն կարող քննարկել: Այդ պատճառով էլ Ռուսաստանը հայտարարել է, որ չի կարող քննարկել միություն կազմելու պայմանագիրը (Уинстон Черчилль ”Вторая мировая война”, М., 1998,том 6, с. 360):

 

Հենց Պոտսդամում նախկին դաշնակիցների միջև կախվեց երկաթյա վարագույրը, որը ոչ առանց մեծ ջանքերի «բարձրացվեց» Խորհրդային կայսրության փլուզմամբ:

 

Եվ ահա թե ինչպես. հենց նիստերից մեկի ժամանակ Տրումենը ստանում է հետևյալ ծածկագիրը. «Երեխաները բարեհաջող ծնվեցին», որը վերծանվում է այսպես` ատոմային ռումբը ստեղծված է: Հենց կոնֆերանսի քննարկումների ընթացքում միջուկային զենքի երևան գալը 180 աստիճանով փոխում է իրադրությունը: Նախ` ԱՄՆ-ը և Անգլիան կորցնում են հետաքրքրությունը ԽՍՀՄ-ի նկատմամբ` Ճապոնիայի դեմ ռազմական գործողություններ սկսելու հարցում, անմիջապես վերանում է կախվածությունը Մոսկվայից` հիմք տալով բացահայտ թշնամանքի և երկաթյա վարագույրի առկայության: 

 

Պոտսդամը Գերմանիայի երկրորդ մայրաքաղաքն է եղել, իսկ մինչ այդ` պրուսական արքաների որսատեղի: Երբ 1961 թվականին սկսեցին կառուցել բեռլինյան պատը, ամենից շատ տուժեց Պոտսդամը: Պոտսդամում է Բրանդենբուրգյան նշանավոր դարպասը, Սան-Սուսի պալատական ռոկոկո ոճով կառուցված չքնաղ համալիրը` անգլիական այգիներով շրջապատված:

 

Շրջելով մարմարակերտ հոյակապ սրահներով` ոսկեզօծ ու նրբազարդ կամարների ուղեկցությամբ մտնելով բյուրեղապակու ու ոսկու փայլով շողարձակող այդ գեղեցիկ պալատները, դժվարանում ես պատկերացնել, որ այս ամենը վերականգնվել է հիմնահատակ ավերակներից: Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին օրերին անգլիական օդուժի ռմբակոծության հետևանքով այս պերճաշուք կառույցից միայն ավերակներ մնացին: Վերանորոգումից, ավելի շուտ` վերականգնումից հետո այն լիովին համապատասխանում է իր անվանը` ֆրանսերենից Սան-Սուսին թարգմանվում է` առանց հոգսի: Հասկանալի է` արքայական պալատները ժամանակին ըստ ամենայնի նպաստել են իրենց բնակիչների անհոգ կյանք վարելուն:

Հեղինակ. Ս. Թորոսյան
Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1265-66) 8-9.2012 Մայիս
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ